ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացի կարգավորմանը վերաբերող հարցերին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին, «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքների հետ առնչություն ունեցող իրավական ակտերի փոփոխություններին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի, ճարտարապետների պալատի, Քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ճարտարապետներ, ոլորտի պատասխանատուներ:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը, ներկայացնելով քննարկման շարժառիթը, տեղեկացրել է, որ ըստ 2017թ-ին ընդունված «Ճարտարապետների գործունեության մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների՝ ստեղծվել է ինքնակարգավորվող ճարտարապետների պալատ, որին վերապահված է քաղաքաշինության բնագավառում ճարտարապետական եւ կոնստրուկտորական արտոնագրեր տալը, ինչն էլ կառույցն իրականացնում է:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով փոփոխություններ է առաջարկում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որն էլ միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես ճարտարապետների պալատի կողմից: Վերջիններս գտնում են, որ օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա:
Փոփոխությունների հեղինակներն առաջարկում են ներդնել առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի լիցենզիաների ձեւեր եւ այդ լիցենզիաների տրամադրման իրավունքը վերապահել կոմիտեին:
Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը կարեւորել է նմանատիպ ձեւաչափով հանդիպումները՝ հույս հայտնելով, որ ոլորտում առկա հարցերի կարգավորմանն ուղղված քննարկումները կլինեն շարունակական: